Լույս է տեսել եղբորս՝ Արտավազդ Նազարյանի, «Դեգերումներ լույսի ու մթան միջով» գիրքը։
«Արտավազդ Նազարյանի այս գիրքը էսսե-հուշագրություն է բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի մասին։ Որքան էլ վավերական, այնուհանդերձ, հեղինակը կերտել է գրական լիարյուն, կենդանի կերպար, բացահայտել Սլավիկ Չիլոյանի անձն ու լեգենդը 1960-ականների մեր հանրային-գրական, մշակութային կյանքի համապատկերի մեջ»,-կարդում ենք գրքի նախաբանում:
Գիրքը ոչ թե սոսկ հուշագրություն է, այլ նաև գիտական հստակ արժեվորումն է հայ գրականության անցած և ներկա ճանապարհի, վայրիվերումների, ճահճացած պատկերացումների ու ընկալումների խեղդող ցանցից ազատվելու ճիգերի մասին։
Գիրքը լոկ հիշողությունների արձանագրում չէ։ Այն զրույց է Չիլոյի հետ, մարդու և բանաստեղծի նրա տեսակի հետ։ Դա նաև զրույց է ինքն իր հետ։ Սլավիկ Չիլոյանի մասին պատմելիս, զավեշտական դեպքերն ու պատմությունները հիշելիս՝ միշտ զգացվում է հեղինակի թախիծն այն բանի համար, թե ինչպես է աշխարհը կտրվում իր հոգևոր հիմքից և գլորվում է դեպի նյութապաշտության գարշահոտ ճահիճը։ Այդ աշխարհում Սլավիկ Չիլոյանը ապրել չէր կարող։ Ահա այս մոռացվող, հոգևոր աշխարհի կորստի ցավի մասին է Արտավազդ Նազարյանի գիրքը։
Այս երկու օրում ես գիրքը կարդացել եմ երկու անգամ։ Ոչ թե նրա համար, որ ես Արտավազդի եղբայրն եմ, անձամբ ճանաչել եմ Չիլոյին ու գիտեմ նրա հետ կապված զավեշտալի դեպքերի մեծ մասը։ Որովհետև գիրքը, իր տեսակի մեջ, մի նոր հայացք է դեպի գրականություն, թարմ ու արժեքավոր բացահայտումներ ունի իր մեջ։ Եվ անսահման է սերը դեպի Չիլո-երևույթը, դեպի Սլավիկ Չիլոյանի, ավաղ, կորուսյալ աշխարհը։
Պավել Նազարյան